Բառարանաընթերցում

Վահան Տերյան

ԿՅԱՆՔԻ ՈՐԲԵՐԸ

Դալուկ ու կնճռոտ, դեմքերով տխուր,
Կյանքի որբերն են անցնում համրորեն.
Աչքերն անարցունք, շրթունքները լուռ,
Մենակ, դժնադեմ

Ա՜խ, ես սիրում եմ այդ վշտածրար
Դեմքերը դաժան՝ տառապած մարդոց,
Որ մենակ շավղով օրորում են հար
Նոր արևի բոց….

Կյանքի որբերը…. վշտերով սնված,
Փըշոտ ճամփեքից ոտքերը արնոտ,
Մարդկանցից մերժված, բախտից հալածված,
Ճակատներ կնճռոտ…

Ուրուրների պես մտքերի հետքին
Գնում են անդուլ, գնում են անվերջ —
Անլուր աշխարհի անմիտ անեծքին
Գնում են հավերժ…

Մենակ ոգիներ, մերժված խոսքի պես,
Հոգուս եղբայրներ, սև կյանքի որբեր,
Եկեք իմ գիրկը, գուրգուր եմ ես ձեզ,
Մենակ ոգիներ…

Դալուկ — Դժգույն, գույնը գցած, գունատ

Դժնադեմ — Դաժանադեմ

Վշտածրար — Վշտով ծրարված՝ պարուրված՝ համակված

Շավիղ — Ճանապարհ, ուղի, արահետ, կածան

Ուրուր — Բազեազգի գիշատիչ թռչուն

Անդուլ — Անդադար, անդադրում, անդլակի, անընդհատ, միալար, անընդմեջ

Գուրգուր — Գուրգուրալից, գուրգուրանք պարունակող

Оставьте комментарий